Վաշինգտոնում հուլիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքական ահաբեկչության վերածնունդ» թեմայով նախարարական հանդիպմանը մասնակցել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նախաձեռնությամբ և նպատակ ուներ քննարկել քաղաքական ահաբեկչության նոր ալիքի դեմ պայքարի ուղիները։
Մակա Բոչորիշվիլին իր ելույթում ընդգծել է, որ քաղաքական ահաբեկչությունը ներկայումս մեծ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ Նա նշել է, որ աշխարհում տարբեր գաղափարական խմբեր, հաճախ ժողովրդավարության անվան տակ, փորձում են թուլացնել ժողովրդավարական հաստատությունները։ Վրաստանը, ըստ նախարարի, հանդիսանում է այս մարտահրավերների վառ օրինակ, քանի որ վերջին տարիներին երկրում եղել են բազմաթիվ փորձեր՝ թուլացնելու ժողովրդավարական հաստատությունները։
Բոչորիշվիլին նաև անդրադարձել է միջազգային հաստատությունների չարաշահման վտանգներին՝ նշելով, որ նման պրակտիկաները վնասում են ինչպես պետությունների միջև հարաբերություններին, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հեղինակությանը։ Նա ընդգծել է, որ քաղաքական ահաբեկչությունը հաճախ հանդես է գալիս ոչ տեսանելի ձևերով, ինչպիսիք են վախեցումը, քաղաքական բռնությունը և ժողովրդավարական հաստատությունների թուլացման համակարգված փորձերը։
Հանդիպմանը մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը միջոցառման նախօրեին հայտարարել էր, որ քննարկման հիմնական թեման լինելու է «ծայրահեղ ձախ քաղաքական ահաբեկչությունը», որը դրսևորվում է ամբողջ աշխարհում բռնի գործողություններով։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ նախարարական հանդիպման նպատակն էր քննարկել ծայրահեղական խմբերի գործունեության դեմ պայքարի ուղիները՝ հատկապես միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով։
