Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալել է եվրոպական դաշնակիցներին Փարիզում անցկացվող ամենամյա Բաստիլի օրվա շքերթի ժամանակ՝ ցույց տալով Եվրոպայի հավաքական ուժը, հատկապես Ուկրաինայի հարցում։ Սակայն, ինչպես նշում է The New York Times-ը, Եվրոպան դեռևս մնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ազդեցության տակ՝ մասնավորապես Իրանի հետ կապված հարցերում։
Չնայած այս կախվածությանը և Մակրոնի նախաձեռնության նպատակին՝ ցույց տալ Եվրոպայի կարողությունը և անկախությունը, հատկապես Իրանի և Մերձավոր Արևելքին վերաբերող գլոբալ հարցերում առկա են նաև քաղաքականությունների որոշակի նկատելի տարբերություններ հավաքական Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի եվրոպական կոնտինենտի երկրները չմիացան Հորմուզի ապաշրջափակման ԱՄՆ-ի օպերացիային և առհասարակ Իրանի դեմ սանձազերծված պատերազմին՝ հարուցելով նախագահ Թրամփի զայրույթն ու հիասթափությունը։ Բացի այդ, չնայած Իսրայելի հետ ԱՄՆ-ի դաշինքային հարաբերություններին և Մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելի ազդեցության մեծացմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերին, Եվրոպան, իր հիմնական, լոկոմոտիվային երկրների մասով, ոչ միայն չաջակցեց Իսրայելի գործողությունները Գազայում, այլ նաև դրանք որակեց իբրև ցեղասպանական՝ անտեսելով ԱՄՆ-ի հարմարվողական, որոշ դեպքերում ընդհուպ Իսրայելին աջակցող դիրքորոշումը։
Այսինքն՝ Եվրոպան նաև որոշակի ինքնուրույնություն է կարողանում դրսևորել, ինչի հիմքում, իհարկե, նաև Ուկրաինայի հարցում արևմտյան կոալիցիան քայքայելու և ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում եվրոպական մայրաքաղաքների դերակատարությունը զրոյացնելուն ուղղված Թրամփի վարչակարգի հետևողական ջանքերն էին և դրանից Եվրոպայում առաջացած հիասթափությունը։ Իսկ այսօր, Եվրոպան արդեն սեփական, ԱՄՆ-ի հովանոցից դուրս անվտանգության համակարգն է փորձում ստեղծել։ Եվ դա կրկին ԱՄՆ-ի դրդմամբ է տեղի ունենում, քանի որ հենց Թրամփի վարչակարգը շրջանառության մեջ դրեց ՆԱՏՕ-ից իր դուրս գալու և սեփական անվտանգությունը սեփական միջոցներով ապահովագրելու՝ Եվրոպային ուղղված թեզերը։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ Եվրոպան, չնայած ԱՄՆ-ի հետ բազմաթիվ կախվածությունների, այնուամենայնիվ դրսևորում է զգալի ինքնուրույնություն միջազգային հարաբերություններում՝ հատկապես այն հարցերում, որտեղ շահերը տարբերվում են Վաշինգտոնի դիրքորոշումից։
