Էստոնիայի պաշտպանության ուժերը հողատարածք են ստացել Նարվա քաղաքում ռազմական քաղաք կառուցելու համար, որը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է ERR հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ Նարվա քաղաքի և Էստոնիայի Հանրապետության միջև կնքվել է հողատարածքների փոխանակման պայմանագիր, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնելու այս ռազմավարական նախագիծը։
Էստոնիայի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ ռազմական քաղաքի կառուցումը կենսական անհրաժեշտություն է երկրի արևելյան սահմանին պաշտպանության ուժերի մշտական ներկայությունն ապահովելու համար։ Չնայած Նարվայի ակնհայտ ռազմավարական նշանակությանը՝ քաղաքում 1990-ականներից ի վեր մշտական ռազմական ստորաբաժանումներ չեն եղել։ Այս որոշումը արտացոլում է Բալթյան երկրների, և մասնավորապես Էստոնիայի, մշտական մտահոգությունները՝ կապված ռուսական հնարավոր ագրեսիայի հետ, և ուղղված է պաշտպանական կարողությունների ամրապնդմանը անվտանգային փոփոխվող միջավայրում։
Նարվայի ռազմական բազան նախատեսվում է դարձնել Էստոնիայի ազգային պաշտպանության ռազմավարության առանցքային մասը։ Այստեղ պլանավորվում է ռոտացիոն հիմունքներով տեղակայել մինչև 1000 զինծառայող, ներառյալ ինչպես էստոնական, այնպես էլ դաշնակից ուժերի ներկայացուցիչներ։ Բազայի կառուցումը կմեկնարկի 2026 թվականին և կավարտվի 2028 թվականի ամռանը։ Այս ռազմավարական որոշումը նպատակ ունի զգալիորեն ուժեղացնել Էստոնիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևը՝ ապահովելով պետության կայուն և դերակատարային ներկայությունը տարածաշրջանում՝ հնարավոր մարտահրավերներին արձագանքելու համար։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է Էստոնիայի ազգային անվտանգության ապահովման և ՆԱՏՕ-ի ընդհանուր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում։ Ռուսաստանի հետ սահմանին նոր ռազմական կոնտիգենտի կենտրոնացման այս որոշումը, որը կատարվում է ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից, Մոսկվայի կողմից, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի որպես Եվրամիության «ռազմականացման» մաս, ինչում Ռուսաստանը տեսնում է անվտանգային սպառնալիք իր հանդեպ։ Հետևաբար, Մոսկվայից սուր արձագանք կարող է սպասվել Նարվայում նոր ռազմական կոնտիգենտ տեղակայելու Էստոնիայի որոշմանը, ինչը կարող է պայմանավորել տարածաշրջանային լարվածության որոշակի աճ։
