
21-րդ դարի աշխարհաքաղաքական շախմատում գլխավոր «տախտակը» ցամաքից տեղափոխվում է դեպի համաշխարհային ջրային զարկերակներ։ Ծովային կենսական հաղորդուղիներն ու նեղուցներն այլևս միայն ապրանքափոխադրման երթուղիներ չեն. դրանք վերածվել են տնտեսական պարալիզացման, էներգետիկ շանտաժի և ասիմետրիկ ճնշման հզոր լծակների։
Այս միտումն ամենացայտունն արտահայտվում է երկու տարբեր, բայց տրամաբանորեն շաղկապված ռազմաբեմերում՝ Հորմուզի նեղուցում Իրանի իրականացրած ծովային «պարտիզանական» գործողություններում և Սև ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ Ուկրաինայի հեռահար հարվածներում։ Երկու դեպքում էլ ականատեսն ենք միջազգային ծովային իրավակարգի լուրջ փորձությանը, երբ հատկապես ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայով (UNCLOS, 1982) ամրագրված նավարկության ազատության, միջազգային նեղուցներով տարանցման և ծովային անվտանգության հիմնարար սկզբունքները գնալով ավելի հաճախ են բախվում առանձին երկրների ռազմաքաղաքական շահերին ու նպատակահարմարությանը։
Երկու ռազմաբեմ, երկու տարբեր տրամաբանություն
Թեև երկու տարածաշրջաններում էլ կիրառվում է ասիմետրիկ գործիքակազմ, դրանց ռազմավարական նպատակները հիմնովին տարբեր են։
Հորմուզ. Թեհրանի էներգետիկ «մտրակը»
Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթի և նավթային հեղուկների սպառման մոտ 20 տոկոսին համարժեք ծավալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չի ձգտում ուղղակի ճակատամարտ տալ ԱՄՆ ռազմածովային ուժերին։ Փոխարենը կիրառվում է «երամային» մարտավարություն՝ արագընթաց զինված կատերներ, հարվածային ԱԹՍ-ներ և առևտրային նավերի նկատմամբ հարկադրական գործողություններ, այդ թվում՝ դրանց կալանում։
Թեհրանի նպատակը նավափոխադրումների ռիսկայնությունն ու ապահովագրական ծախսերը բարձրացնելն է, համաշխարհային շուկաները ցնցելը և այդ միջոցով Վաշինգտոնի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրելը՝ պատժամիջոցային քաղաքականության և բանակցային գործընթացում առավել շահեկան դիրքեր ապահովելու նպատակով։ Իրանի համար սա վաղուց վերածվել է էքզիստենցիալ նշանակության հարցի։ Այդ պատճառով Հորմուզի նկատմամբ ազդեցության պահպանումը Թեհրանի համար դարձել է իր ռազմավարական կարևորագույն լծակներից մեկը՝ միջուկային ծրագրին զուգահեռ։
Անգամ Հորմուզով բեռնափոխադրումների համար տարանցման վճարներ սահմանելու կամ այդ գաղափարը շրջանառելու փորձերը Թեհրանը դիտարկում է ոչ այնքան որպես լրացուցիչ եկամուտների աղբյուր, որքան որպես բանակցություններում սեփական դիրքերն ամրապնդելու և պահանջների քաղաքական արժեքը բարձրացնելու միջոց։
Սև ծով. Կիևի հարվածները ՌԴ «ռազմական մեքենային»
Սևծովյան ռազմաբեմում Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի պատժամիջոցները շրջանցող «ստվերային նավատորմին» բոլորովին այլ տրամաբանություն ունեն։ Չունենալով ավանդական խոշոր նավատորմ՝ Ուկրաինան խաղադրույքը կատարել է հեռահար ծովային անօդաչու կատերների և ասիմետրիկ գործողությունների վրա։
Կիևի հաշվարկը հստակ է՝ սահմանափակել Մոսկվայի՝ պատերազմը ֆինանսավորող նավթային եկամուտները, խաթարել պատժամիջոցները շրջանցող արտահանման շղթաները և մեծացնել ագրեսիայի տնտեսական գինը՝ Ռուսաստանին մղելով դեպի առավել կառուցողական կամ զիջողական բանակցային դիրքեր։
Միևնույն ժամանակ նման գործողությունների միջազգային իրավական գնահատականը շարունակում է մնալ քննարկման առարկա՝ կախված յուրաքանչյուր կոնկրետ նավի կարգավիճակից, դրոշից, գործունեությունից և հարվածի հանգամանքներից։ Որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից յուրաքանչյուր հարվածի օրինականությունը գնահատվում է առանձին՝ հաշվի առնելով, թե ինչ դրոշի ներքո է գործում նավը, իրականում ինչ գործունեություն է իրականացնում և արդյոք տվյալ պահին կարող էր համարվել օրինական ռազմական թիրախ։
Էկոլոգիական ռումբն ու իրավական քաոսը
Այս հակամարտությունների ամենավտանգավոր կողմնակի հետևանքներից մեկը «ստվերային նավատորմի» ընդլայնումն է, որն արդեն վաղուց դուրս է եկել զուտ տնտեսական պատժամիջոցները շրջանցելու շրջանակից՝ վերածվելով գլոբալ անվտանգության մարտահրավերի։ Այն իր մեջ համատեղում է և՛ լայնածավալ բնապահպանական աղետի իրական վտանգ, և՛ միջազգային ծովային իրավակարգի նկատմամբ աճող ճնշում՝ խորացնելով իրավական անորոշությունն ու դժվարացնելով պատասխանատվության կիրառումը։
Մի կողմից՝ առկա է «էկոլոգիական ռումբի» սպառնալիքը։ «Ստվերային» տանկերների զգալի մասը շահագործման երկար պատմություն ունեցող, հաճախ 15 տարուց ավելի հին նավեր են, որոնց տեխնիկական վիճակի և վերահսկողության նկատմամբ միջազգային վստահությունը հարցականի տակ է։ Պատժամիջոցները շրջանցելու նպատակով դրանք բաց ծովում իրականացնում են նավթի վտանգավոր փոխանցումներ՝ հաճախ անջատելով ինքնության ավտոմատ նույնականացման համակարգը (AIS) կամ կեղծելով դրա փոխանցած տվյալները։ Դրանցից շատերը նաև չեն օգտվում միջազգային ճանաչում ունեցող լիարժեք ապահովագրական ծածկույթից, ինչի հետևանքով Սև, Բալթիկ կամ Միջերկրական ծովերում հնարավոր խոշոր արտահոսքի դեպքում ծովափնյա պետությունները կարող են կանգնել ոչ միայն էկոլոգիական աղետի, այլև հսկայական, ամբողջությամբ չփոխհատուցվող ֆինանսական վնասների առաջ։
Մյուս կողմից՝ խորանում է իրավական քաոսը։ Նավերը հաճախ գործում են այսպես կոչված «հարմար դրոշների» ներքո, պարբերաբար վերագրանցվում են կամ թաքցնում իրական սեփականատերերին օֆշորային ընկերությունների բարդ շղթաների հետևում։ Թեև նման գործելակերպն ինքնին չի նշանակում, որ նավը կորցնում է իր իրավական կարգավիճակը, այն զգալիորեն բարդացնում է UNCLOS-ի 92-րդ հոդվածով ամրագրված՝ դրոշի պետության իրավազորության սկզբունքի գործնական կիրառումը և պատասխանատվության սահմանումը։ Արդյունքում ձևավորվում է մի նավատորմ, որի իրական սեփականատերերին, շահագործողներին և վերահսկող կառույցներին նույնականացնելը հաճախ չափազանց դժվար է, ինչն էլ էապես սահմանափակում է իրավական պատասխանատվության արդյունավետ կիրառումը։
UNCLOS-ի 110-րդ հոդվածը թույլատրում է բաց ծովում ստուգել «անպետություն» նավերը կամ այն նավերը, որոնց նկատմամբ առկա են միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան հիմքեր (օրինակ՝ ծովահենության, ստրկավաճառության, չարտոնված հեռարձակման կամ քաղաքացիության բացակայության հիմնավոր կասկած)։ Սակայն, երբ «ստվերային» տանկերները հանկարծակի վերագրանցվում են պաշտոնական դրոշների տակ, դրանց նկատմամբ ուժի կիրառման իրավաչափությունը դառնում է անհամեմատ ավելի բարդ իրավական հարց, քանի որ յուրաքանչյուր նման միջամտություն պետք է հիմնավորվի միջազգային իրավունքի կոնկրետ նորմերով և չհակասի նավարկության ազատության հիմնարար սկզբունքին։
Այս իմաստով աշխարհը թևակոխում է ծովային անվտանգության սպառնալիքների նոր, վտանգավոր դարաշրջան։ Եթե Միջազգային ծովային կազմակերպությունը, նավահանգստային պետությունները, ինչպես նաև առաջատար տերությունները չկարողանան մշակել «ստվերային նավատորմերի» նկատմամբ վերահսկողության, պատասխանատվության և անհրաժեշտության դեպքում օրինական կալանման առավել արդյունավետ միջազգային մեխանիզմներ, ինչպես նաև հստակեցնել, թե ինչ պայմաններում կարող են նման նավերը դառնալ օրինական ռազմական թիրախ, համաշխարհային օվկիանոսը կարող է աստիճանաբար վերածվել ժամանակի վրա աշխատող էկոլոգիական ռումբի և իրավական անարխիայի տարածքի։
Գոռ Աբրահամյան
