Բարոյականության վաճառք իսրայելական ձևով․

Դիվանագիտության մեջ քաղաքական ցինիզմը երբեմն դուրս է գալիս ընդունված սահմաններից՝ վերածվելով բարոյականության բացահայտ աճուրդի։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական «եռակողմ տանգոն» այդ օրինակներից է։

Իսրայելի կառավարությունն այս տարվա հունիսի 28-ին, արտգործնախարար Գիդեոն Սաարի նախաձեռնությամբ, միաձայն հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագիծը։ Սաարն այն շռայլորեն անվանել էր «պատմական ու բարոյական պարտականություն»։

Սակայն ինչպես և սպասելի էր, «բարոյականության» այս փուչիկն արագ պայթեց։ Նախ՝ կոշտ հայտարարություն արեց Թուրքիան՝ փաստացի Իսրայելին մեղադրելով նման քայլով Գազայում իր կողմից իրականացվող ցեղասպանությունը քողարկելու մեջ։ Ապա նվագակցեց Բաքուն՝ «խոր մտահոգություն» արտահայտելով իսրայելական այս նախաձեռնության կապակցությամբ և կոչ անելով հրաժարվել դրանից։ Եվ այդ ֆոնին, չնայած նախագիծն ուղարկվել էր երկրի պառլամենտ՝ Կնեսեթ, իսրայելական «Haaretz» պարբերականը օրերս աղմկահարույց արտահոսք կատարեց՝ գրելով, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմաթ Հաջիևի կողմից Իսրայելի վարչապետի գրասենյակ կատարած «մեկ զանգից» հետո վարչապետ Բենիամին Նեթանյահուն անմիջապես արգելափակել է օրինագծի մուտքը Կնեսեթի լիագումար նիստերի օրակարգ։ Այլ կերպ ասած՝ Ցեղասպանության ամբողջական պաշտոնական ճանաչման գործընթացը, որը հնարավոր էր բացառապես Կնեսեթի հավանությանն արժանանալու դեպքում, կասեցվել է հենց խորհրդարանի դռան շեմին։

Հարց լուծող Ադրբեջանի ուռճացված միֆը

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Բաքվում դիվանագիտական հաղթանակ է տարել․ երկրորդ էշելոնի ինչ-որ պաշտոնյայի թեթև զանգից ահաբեկված՝ ամբողջ տարածաշրջանի հետ պատերազմ մղող Բենիամին Նեթանյահուն տեղի է տվել։ Իրականում, սակայն, ավելի շատ գործ ունենք վատ բեմադրված շոուի հետ։ Իսրայելի կառավարությունը պարզապես որոշել է արհեստականորեն ուռճացնել Բաքվի տարածաշրջանային, եթե չասենք գեոպոլիտիկ դերը՝ ունենալով մի քանի նպատակ։

Առաջինն իհարկե «ադրբեջանական գործոնի» հետևում թաքնվելն է․ ուղղակի քաղաքական կոնյուկտուրայից ելնելով՝ հիմա դեռ պետք է Անկարայի քթի տակ խաղացնել Ցեղասպանության ճանաչման խաղաքարտը, այլ ոչ թե հապճեպ վերջնական ճանաչման գնալով մարել այդ խաղաքարտը։ Եվ հղում կատարելով Բաքվի դիրքորոշմանը՝ Երուսաղեմը պարզապես ուզում է ցույց տալ, թե «պատմական արդարության վերականգնումը» հետաձգում է իր ստրատեգիական դաշնակցի՝ Ադրբեջանի ցանկությունը հաշվի չառնել չկարողանալով։ Այս կերպ փորձ է արվում թաքցնել նաև Թուրքիայի հետ առճակատման չգնալու տակտիկական որոշումը։

Երկրորդ՝ ձգտելով ցույց տալ, թե ինչ մակարդակի հարց լուծող երկիր է դարձել Ադրբեջանը՝ Իսրայելը Թուրքիայի աչքում բարձրացնում է Բաքվի գինը՝ միաժամանակ դա որպես նվեր մատուցելով հենց Բաքվին։ Բաքվի «ճնշման» տակ զիջելու պատրանք ստեղծելով՝ Իսրայելն Ադրբեջանին փաստացի գցում է հսկայական քաղաքական պարտքի տակ։ Երուսաղեմը Բաքվին հասկացնում է մոտավորապես հետևյալը․ «Մենք հանուն ձեզ զոհաբերեցինք մեր բարոյական դիրքորոշումը, ուստի դուք էլ այլևս չեք կարող «ոչ» ասել մեր անվտանգային պահանջներին»։ Իսկ այդ պահանջները շատ գաղտնի չեն։

ԱՄՆ-Իրան խորացող պատերազմական հակամարտության ու լարվածության ֆոնին Ադրբեջանի լոյալությունը Երուսաղեմի համար շարունակում է պահպանել կենսական կարևորություն։ Ընդառաջելով Ադրբեջանի խնդրանքին՝ Նեթանյահուի վարչակազմը ձեռք է բերում Ադրբեջանի տարածքն Իրանի նկատմամբ հետախուզական, մանևրային նպատակներով օգտագործելու «զեղչ»։ Երուսաղեմը գիտի, որ Բաքվի համար կենսականորեն կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգայնացման արգելափակումը։ Բաքուն էլ գիտի, որ հիմա Իսրայելը պատրաստ չէ զոհաբերել Ադրբեջանի դիրքն ու տարածքը հակաիրանական պլացդարմի համար օգտագործելու հնարավորությունը։ Եվ սա ստեղծում է գործարքային հիանալի միջավայր։

Երրորդ՝ Իսրայելն արդեն իսկ հաջողությամբ փորձարկել է անհրաժեշտ պահին Թուրքիայի հետ պայմանավորվելու համար ադրբեջանական հարթակի կիրառման արդյունավետությունը։ Նման սցենար արդեն խաղարկվել է 2025թ․ ապրիլ-մայիս ամիսներին Սիրիայի շուրջ ծագած իսրայելա-թուրքական սուր, գրեթե նախապատերազմային ճգնաժամը հարթելիս։ 2025թ․ ապրիլին պաշտոնապես հաստատվեց, որ Իսրայելի ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։ Նեթանյահուի գրասենյակը հատուկ շնորհակալություն էր հայտնել Իլհամ Ալիևին բանակցությունները հյուրընկալելու համար։ Ավելին, չհաստատված տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Բաքվում այդ ժամանակահատվածում նույնիսկ գաղտնի հանդիպում են ունեցել Նեթանյահուն ու Էրդողանը։ Այսինքն՝ սա շատ արժեքավոր կոնտակտային խողովակ է Իսրայելի համար՝ հաշվի առնելով, որ Բաքուն հավասարապես վստահելի է թե՛ իրենց, թե՛ Թուրքիայի համար։ Եվ բնական է, որ Իսրայելը ձգտելու էր չվնասել «վստահության այդ կամուրջը»։

Հայկական անտարբերությո՞ւն, թե՞ ռացիոնալիզմ

Արդյունքում ստացվում է միանգամայն կանխատեսելի մի խճանկար։ Իսրայելը Հոլոքոստ վերապրած ժողովրդի պետությունից վերածվել (եթե չասենք՝ մնացել է) Ցեղասպանության թեման, ըստ անհրաժեշտության, Անկարայի առջև որպես սպառնալիք կիրառելու, իսկ հետո Բաքվի հետ ապառիկ առևտրի մեջ մտնելու համար դարակում որպես «ռազմավարական մահակ» օգտագործող երկիր։ Իսկ Ադրբեջանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը արգելափակելու համար, որպեսզի սպասարկի իր և Թուրքիայի պատմական ու քաղաքական նկրտումները՝ դրա դիմաց որոշակիորեն Իսրայելին զիջելով իր սուվերենության մի հատված՝ սեփական տարածքը վերածելով Իսրայելի ռազմական ու հետախուզական խաղահրապարակի։

Այս ֆոնին արդարացված է դառնում Իսրայելում գործարկված «խաղի» հանդեպ Հայաստանի դրսևորած պաշտոնական ու հանրային զսպվածությունը։ Երևանում ի սկզբանե առկա սկեպտիցիզմը ոչ թե անտարբերություն էր, այլ Realpolitik-ի պարզ տրամաբանություն։ Հայաստանը չդարձավ այս բեմադրության մասնակիցը՝ կամ գուցե կույր գործիքը՝ հասկանալով, որ խնդիրը ոչ միայն ուրիշների աշխարհաքաղաքական առևտրի տախտակին սեփական ողբերգությունը «խաղաքարտ» դարձնելու գործիքի վերածվելու մեջ է, այլ նաև քաղաքականապես խիստ վտանգավոր և անարժանապատիվ պրոցեսում ներգրավվելու։

Գոռ Աբրահամյան

RADAR.AM