Լավրովը քննարկելու է Մոսկվա-Բաքու հարաբերությունները Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Լավրովը քննարկելու է Մոսկվա-Բաքու հարաբերությունները Ադրբեջանի արտգործնախարարի հետ
Լուսանկարը՝ ըստ ТАСС-ի հրապարակման։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բայրամովի նախորդ այցը Մոսկվա տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին, իսկ վերջին հանդիպումը Լավրովի հետ՝ 2025 թվականի ապրիլին, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ այս այցը դիտարկվում է որպես շարունակվող վստահելի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության ընդլայնման համատեքստում։ ԱԳՆ-ն ընդգծում է, որ Ադրբեջանը Մոսկվայի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում։ Երկու երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության և հարևանության ոգու վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ընդգծել է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Նա իր շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ, նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման գոհունակությունը, ընդգծելով առևտրային և տնտեսական համագործակցության առաջընթացը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Մոսկվան և Բաքուն պահպանում են կանոնավոր երկխոսություն բարձր մակարդակով, և արդեն ստորագրվել է ավելի քան 150 միջազգային իրավական փաստաթուղթ։ ԱԳՆ-ն նաև հիշեցնում է 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Այս ձևաչափը, որը Ռուսաստանը շարունակաբար առաջ է բերում, կարող է դիտարկվել որպես Մոսկվայի կողմից տարածաշրջանում իր ազդեցությունը ամրապնդելու գործիք։ Մասնավորապես, 3+3 (որը գործնականում հաճախ առանց Վրաստանի մասնակցության է իրականացվում՝ դառնալով 3+2) ձևաչափի առաջխաղացումը կարող է միտված լինել Հայաստանին Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունու ազդեցության ոլորտից դուրս չթողնելուն։ Սա բխում է նաև Բաքվի շահերից՝ հարավկովկասյան գործընթացները տարածաշրջանային ուժերի հովանու ներքո պահելու տեսանկյունից՝ դրանով իսկ սահմանափակելով արտատարածաշրջանային դերակատարների հնարավոր միջամտությունը։

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Մոսկվայի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս պահպանելու և ընդլայնելու իր աշխարհաքաղաքական դիրքերը տարածաշրջանում։ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այս գործընթացների վրա ազդեցությունը պահպանելու ձգտում է։ Հայաստանի համար այս գործընթացներն ունեն կենսական նշանակություն՝ անվտանգության, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունների տեսանկյունից, սակայն միաժամանակ պարունակում են ռիսկեր՝ կապված սեփական սուբյեկտայնության պահպանմանմ, արտաքին դերակատարների շահերի բախման միջավայրի ընդլայնման հետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տնտեսական կապերը շարունակում են զարգանալ։ Ռուսաստանի ներդրումները Ադրբեջանի տնտեսության մեջ գերազանցում են 10 միլիարդ դոլարը։ Ապրիլի 16-ին Զանգիլանում կայացել է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ կիրառվող սանկցիաների, իսկ գործնականում պատժամիջոցների պայմաններում ռուսական շուկայում առաջացած բացը ներկայումս լրացնում են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի արտադրանքը։

Օգտագործված աղբյուրներ