Իսրայելի կառավարություը հունիսի 28-ին կայացած նիստում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն Իսրայելի կողմից պաշտոնական լիարժեք ճանաչումը կլինի այն ժամանակ, երբ այն կհաստատի օրենսդիր մարմինը՝ Կնեսետը։ Կլինի՞ դա արդյոք, թե ոչ, և ինչ բարոյական ու քաղաքական արժեք այն կարող է ունենալ։
Տասնամյակներ շարունակ Քնեսեթի սեղանին դրվող ու հըենց Կառավարության ջանքերով պարբերաբար տապալվող բանաձևերից հետո, գործադիր իշխանության այս «միաձայն» հավանությունը ոչ թե բարոյականության հանկարծակի արթնացման, այլ սառը, հաշվենկատ աշխարհաքաղաքական հակահարվածի դասական օրինակ է։
Արտգործնախարար Գիդեոն Սաարի հայտարարությունն այն մասին, թե «Թուրքիայի կեղծ թեզերը Իսրայելի դեմ նրան անձեռնմխելիություն չեն շնորհում պատմական ճշմարտություններից», ըստ էության, ինքնախոստովանություն է։ Այն բացահայտում է միջազգային հարաբերությունների ամենացինիկ կողմերից մեկը. քանի դեռ Անկարան Թել Ավիվի ռազմավարական գործընկերն էր, ուներ այդ «անձեռնմխելիությունը», և հրեական պետությունը պատրաստ էր աչք փակել 1,5 միլիոն զոհերի պատմական փաստի վրա։
Թուրքիայի արձագանքը չուշացավ՝ լիովին տեղավորվելով նրա ավանդական ժխտողականության ու ներկա հակաիսրայելական հիստերիայի տրամաբանության մեջ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ՝ Իսրայելի քայլը որակելով «քաղաքականապես մոտիվացված» սուտ։ Անկարան պնդում է, որ Նեթանյահուի կառավարությունը փորձում է պատմական զեղծարարությամբ քողարկել «իր սեփական հանցագործություններն ու ցեղասպանությունը» Գազայում և Լիբանանում։
F-35 և ամերիկյան «զսպաշապիկը»
Ինչո՞ւ հենց հիմա։ Պատասխանը պետք է արժեքային դաշտից տեղափոխել քաղաքական և ռազմաքաղաքական հաշվարկների, և Վաշինգտոնի ու Թել Ավիվի միջև ահագնացող հակասությունների տիրույթ։ Էրդողանի կողմից առևտրային էմբարգոյի սահմանումն ու ՀԱՄԱՍ-ին բացահայտ աջակցությունը ստեղծել էին լրջագույն բացասական ֆոն։ Անկարան չի կարող չնկատել, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Թրամփը Իսրայելի շուրջ «աբրահամյան» կոալիցիայի ձևավորմամբ ուժեղացնում Իսրայելի տարածաշրջանային դիրքերը, իսկ Իսրայելը, «անվտանգության բոֆերային զոնա» ստեղծելու քողի տակ անարգել ընդլայնելով տարածքները Սիրիայի և Լիբանանի հաշվին, Գազայում իրականացնելով պաղեստինցիների համար անկենսունակության պայմաններ, կենսագործում «մեծ Իսրայելի» կոնցեպտը։ Դա ուղիղ բախվում է նեոօսմանիզմի էրդողանական հայեցակարգին։ Այստեղ, սակայն, շրջադարձային նշանակություն ունեցավ ԱՄՆ-ի տարածաշրջանային նոր «պոկերը»։
Դոնալդ Թրամփի վարչակազմի պատրաստակամությունը՝ քննարկելու Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու և KAAN կործանիչների համար ամերիկյան շարժիչներ վաճառելու հարցը, տագնապ է հարուցել Իսրայելում։ Խախտվում է Մերձավոր Արևելքում Իսրայելի ռազմական որակական առավելության հայեցակարգը։ Ազդանշանը շատ թափանցիկ է․ Սպիտակ տունը Թուրքիայի միջոցով փորձում է «զսպաշապիկ» հագցնել Իսրայելին։ Այն դեպքում, երբ Իսրայելը, շարունակելով Լիբանանի տարածքների օկուպացիան և ռազմական գործողությունները, փաստացի տորպեդահարում է Իրանի հետ ԱՄՆ-ի գործարքը, Վաշինգտոնն ուժեղացնում է Անկարայի դիրքերը Իրանի հետ կարգավորման փխրուն գործընթացը փրկելու համար՝ միաժամանակ պատժելով Իսրայելին։
Ամերիկյան կողմն իհարկե կրկնակի ստանդարտներ է կիրառում։ Իրանի դեմ վերջին պատերազմում Անկարան բացահայտ չեզոքություն պահպանեց՝ չընդառաջելով ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի հակաիրանական արշավին և փակելով իր օդային տարածքը ԱՄՆ-ի ու Իսրայելի կործանիչների համար։ Չնայած դրան՝ Թրամփն այսօր հայտարարում է, թե Էրդողանն իր ընկերն է՝ հենց իրանական հարցում ցուցաբերած չեզոքության համար։ Դա այն դեպքում, երբ նմանատիպ չեզոքության համար Վաշինգտոնը չներեց ՆԱՏՕ-ի իր եվրոպական գորընկերներին։ Այս ֆոնին Իսրայելը ձիով քայլ է անում․ Ցեղասպանության ճանաչմամբ, ըստ էության, փորձում է հզոր «մահակ» տալ հենց ԱՄՆ ներսում Կոնգրեսում գործող հայկական և հունական լոբբիին՝ տապալելու համար Թուրքիայի դերային «վերազինման» ամերիկյան այս ծրագիրը և սեպ խրել Վաշինգտոն-Անկարա մերձեցող հարաբերություններում։
Հայաստանի բացասական հեռանկարն ու լռության հասունությունը
Պաշտոնական Երևանի լռությունը լիովին տրամաբանական է։ Հայաստանը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և Ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմա արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։
Հայ-թուրքական դինամիկայի վրա իսրայելական այս քայլի քաղաքական ազդեցությունը կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կկառուցի իր հետագա հարաբերությունները Իսրայելի հետ։ Իսրայելա-թուրքական հարաբերությունների լարումը կարող էր բացել Իսրայելի հետ կարգավորման ու ռազմատեխնիկական համագործակցութան նոր հեռանկարներ, եթե չլիներ Իսրայել-Ադրբեջան՝ կոնտրաստային տարբերվող տանդեմի առկայությունը։ Հակաիրանական ճակատը Իսրայելի համար լինելու է առաջնահերթություն, հետևաբար Ադրբեջանը շարունակելու է Երուսաղեմի համար ռազմավարական ավելի մեծ նշանակություն ունենալ։ Հայաստանը չի կարող իր գլուխը դնել սալի ու մուրճի արանքում։
Ցեղասպանության իսրայելական թեմատիկան զուտ «կրակը խառնելու» ձող է․ այն չունի որևէ բարոյական ենթաշերտ։ Պաշտոնական Երևանի կողմից սույն որոշմանը որևէ կերպ արձագանքելը կնշանակի սեփական ձեռքերով լեգիտիմացնել հայ ժողովրդի համար ամենացավոտ խնդրի քաղաքական, կեղտոտ շահարկումները։ Որքան էլ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը աննախադեպ քայլ է, բայց դա, Իսրայելի ու Թուրքաիայի միջև մերձավորարևելյան տարածաշրջանի համար մղվող պայքարի համատեքտում էական ոչինչ չի տալիս Հայաստանին։ Առավելևս, երբ պարզ չէ Կնեսետի վերաբերմունքը։
Գոռ Աբրահամյան
Radar.am
Հեղինակային վերլուծություն
