RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների և «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի վերջին հայտարարությունները, Մոսկվայի կողմից Հայաստանին և նրա արևմտյան գործընկերներին ուղղված աշխարհաքաղաքական հերթական նախազգուշացում էր, որն ունի հետաքրքրական ենթաշերտեր։
Գալուզինի հայտարարության ամենաէական շեշտադրումն այն էր, որ ցանկացած տարանցիկ մեգանախագիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պարտադիր կերպով ենթարկվելու է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նորմերին ու կանոնակարգերին։ Ըստ ՌԴ փոխնախարարի՝ TRIPP նախագիծը միայն կշահի Ռուսաստանի մասնակցությունից՝ հաշվի առնելով գետնի վրա առկա ռուսական լծակները՝ «Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» ըկերության միջոցով հայաստանյան երկաթուղային ենթակառուցվածքների կառավարումը, ռոս սահմանապահների ներկայությունը և ԵԱՏՄ մաքսային իրավական ռեժիմները։
Շղթայական տրամաբանություն. Մեղադրանքից մինչև «Իրավական թակարդ»
Այս հայտարարությունը նախ ջրի երես հանեց Մոսկվայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշման փուլային տակտիկան։
Փուլ 1. «Կարմիր գծերի» սահմանումը․
Ամեն ինչ սկսվեց Մոսկվայի հրապարակային այն մեղադրանքներից, որ Հայաստանի իշխանություններ դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձ են կատարում՝ ունենանալով ԵՄ-ին անդամակցության նպատակ։ Եվ քանի որ ԵՄ-ն Ռուսաստանի ստրատեգիական հակառակորդն է, իսկ ռազմականացման ծրագրերի ֆոնին՝ նաև հնարավոր ռազմական թշնամին, Հայաստանի նոր վեկտորը ևս կոնկրետ Ռուսաստանի դեմ է և թշնամական։ Սրանով Մոսկվան ֆիքսեց իր «կարմիր գծերը» կոնկրետ Երևան-Մոսկվա երկկողմ ձևաչափի կտրվածքով՝ հասկացնելով, որ Երևանի քաղաքական վեկտորի փոփոխությունը գնահատում է որպես ուղղակի սպառնալիք իր շահերին։
Փուլ 2. ԵԱՏՄ կոլեկտիվ ճնշումը և հանրաքվեի պահանջը
Հաջորդ քայլով Ռուսաստանը գործընթացի մեջ ներքաշեց ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին։ Հայաստաում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված ԵԱՏՄ գագաթաժողովին անդամ մյոս երկրների հետ համատեղ ընդունված հայտարարությամբ ներկայացված պահանջը՝ որպեսզի Հայաստանը հանրաքվեի միջոցով որոշի իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, շատ նրբանկատ քաղաքական հնարք էր․ այդպես Մոսկվան խնդիրը հանեց Ռուսաստան-Հայաստան տիրույթից՝ այն դարձնելով կոլեկտիվ տնտեսական բլոկի պահանջ։ ՀՀ վարչապետի հակադարձումը, որը Հայաստանն իրեն ներկայացված նման կոլեկտիվ պահանջը կարող է ընդունել որպես ԵԱՏՄ-ի չգոյություն, փաստեց, որ Երևանը փորձում է նաև այս հնարքը վիճարկելի դարձնել։
Փուլ 3. Գլոբալ «խափանողի» խաղաքարտը
Եվ ահա, շղթայի երրորդ փուլում կամ մակարդակում հանդես է գալիս Միխայիլ Գալուզինը՝ փորձելով զարգացնել այն միտքը, թե Հայաստանն իր այդ կողմնորոշմամբ և TRIPP նախագծով դեմ է դուրս գալիս ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի և Իրանի, այլ կերպ ասած՝ գլոբալ Արևելքի տնտեսա-քաղաքական շահերին։ Ուստի դրանից բխող հետևաքները մեղմելու լավագույն միջոցը այդ նախագծում Ռուսաստանի ներգրավվածության հնարավորության ստեղծումն է՝ փաստացի նաև որպես գլոբալ Արևելքի շահերի ներկայացուցչի։ Այլ կեպ ասած՝ Ռուսաստանը բարձրացնում է TRIPP ներխուժելու իր պահանջարկի մասշտաբը՝ տարածաշրջանայինից դերի աշխարհաքաղաքական։
Եվ որպեսզի հասկանալի դառնա, որ Ռուսաստանը «ձեռք չի քաշելու» իր այդ իդեա-ֆիքսից, Գալուզինը դիմում է մի արտառոց, ըստ էության Ռուսաստանի ցայտնոտային վիճակը մերկացնող շանտաժային հնարքի։ Կիրառելով «հակադիր փաստարկի» մարտավարությունը, նա ասում է, թե քանի որ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ, չնայած քաղաքական տարաձայնություններին, չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, ուստի չի կարող հաշվի չառնել, որ նախ՝ Հայաստան-Իրան սահմանը, որի երկայնքովանցենլու է TRIPP-ը, հսկում են ռուս սահմանապահները, երկրորդ՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանում պետք է գործեն ԵԱՏՄ տարանցման իրավական ռեժիմները։ Գալուզինի տրամաբանությունը պարզ է. «Եթե դուք ինքներդ եք պնդում, որ մնում եք ԵԱՏՄ-ում, ուրեմն պարտավոր եք ենթարկվել այս կառույցի խաղի կանոններին»։ Սա իրավական թակարդ է, որով փորձ է արվում կապել Հայաստանի ձեռքերը այն մեխանիզմով, որը մինչ այդ մատուցվում էր որպես Հայաստանի համար փրկարար։
Գետնի վրա առկա լծակների «Գույքագրումը»
Գալուզինն իր խոսքում բացահայտ հիշեցնում է այն կոնկրետ գործիքակազմը, որով Ռուսաստանը կարող է ֆիզիկապես և իրավաբանորեն արգելակել ցանկացած արևմտյան նախագիծ.
Երկաթուղային մենաշնորհ. Հայաստանի երկաթուղային համակարգը կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի (ՌԺԴ) դուստր ձեռնարկությունն է։ Առանց Մոսկվայի տեխնիկական և իրավական համաձայնության՝ նոր ուղիների կառուցումը կամ ինտեգրումը գրեթե անհնար է։ Բայց Մոսկվայում հասկանում են, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանը կարող է նաև առանձին, ռուսական կառավարումց դուրս երկաթգծային հանգույց ստեղծել, և այս փաստարկը կարող է չաշխատել։ Ուստի անցնում է հաջորդին։
Ռազմավարական ներկայություն. Ուղին անցնելու է այն տարածքներով, որտեղ տասնամյակներ շարունակ կանգնած են ռուս սահմանապահները։ Սա բացահայտ ակնարկ է, որ անվտանգային բաղադրիչը առանց Ռուսաստանի հնարավոր չի լինելու լուծել։ Այստեղ իրականում Գալուզինն ակամա լուրջ ռիսկերի մասին է ակնարկում, որին կանդրառանանք հետագայում։ Բայց քանի որ ռուս սահմանապահների մանդատը սահմանափակվում է սահմանը, այլ ոչ թե TRIPP հաղորդուղին հսկելով, Գալուզինը բացում է նաև հաջորդ խաղաքարտը։
ԵԱՏՄ-ն՝ քաղցրաբլիթի փոխարեն՝ մահակ
Ակնարկելով, թե ԵԱՏՄ-ում մնալը նշանակում է տարանցումների ենթարկում ԵԱՏՄ իրավակարգավորումներին, ի դեմս Գալուզինի՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հայտարարություններ կհնչեն Երևանում, կամ որքան գրավիչ կլինեն ամերիկյան ներդրումային ծրագրերը (նույնիսկ եթե դրանք կրում են Թրամփի անունը), Հայաստանի ինքնիշխանության և արտաքին քաղաքական մանևրների սահմանները, միևնույն է, ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են ԵԱՏՄ պայմանագրային պարտավորությունները։ Մոսկվան իրավական թակարդ է լարում՝ Երևանին կանգնեցնելով փաստի առաջ. կա՛մ ցանկացած տարածաշրջանային նախագիծ պետք է անցնի ռուսական «ֆիլտրով» և հաշվի առնի Մոսկվայի շահերը, կա՛մ այն պարզապես կմնա թղթի վրա՝ բախվելով անհաղթահարելի իրավական ու անվտանգային պատնեշների։
Ահա այստեղ է ի հայտ գալիս ռուսական քաղաքականության ցայտնոտությունը․ եթե ԵԱՏՄ-ն այդքան անհրաժեշտ է Հայաստանին «զսպաշապիկ» հագցնելու համար, ո՞րն է Երևանին ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելուն և այդ նպատաով հանրաքվե նախաձեռնելուն մղելու իմաստը։
Գոռ Աբրահամյան
Հեղինակային վերլուծություն
