Ինչո՞ւ է Մոսկվան ներում Բաքվին այն, ինչը չի ներում Երևանին, կամ «3+3»-ի ուրվականը

Ինչո՞ւ է Մոսկվան ներում Բաքվին այն, ինչը չի ներում Երևանին, կամ «3+3»-ի ուրվականը
Լուսանկարը՝ գեներացված է արհեստական բանականության միջոցով։

ՌԴ ԱԳՆ-ն, ջերմությամբ անոնսավորելով Բայրամովի երկօրյա այցը Մոսկվա, հայտարարություն էր տարածել, թե «Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր պարտնյորն է Հարավային Կովկասում», իսկ կողմերը պատրաստվում են լիարժեք իրացնել 2022թ. փետրվարին ստորագրված «Դաշնակցային փոխգործակցության մասին դեկլարացիան»:

Նման ջերմությունը համահունչ է տարածաշրջանային կտրվածքով երկու երկրների շահերի բնական համընկնմանը, որն արտահայտված է նաև ՌԴ ԱԳՆ-ի մատնանշած հռչակագրում։ Դրանում, ի դեպ, 17-րդ կետի ներքո, սևով սպիտակի վրա գրված է․ «Կողմերը ձեռնպահ են մնում ցանկացած, այդ թվում՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողություններից, որոնք ուղղված են միմյանց դեմ»։

Պեսկովի «պրագմատիզմն» ընդդեմ հայկական հիստերիայի

Նախորդ շաբաթ Շուշիի միջազգային մեդիաֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, թե ինչ խորհուրդ կտա հիմա պատերազմող Ուկրաինային, կրկնել էր ավելի վաղ իր արած պնդումը. «Երբեք մի համաձայնեք օկուպացիայի հետ»: Նա վերահաստատել է Բաքվի անվերապահ աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և խոստացել շարունակել օգնությունը Կիևին: Այլ կերպ ասած՝ Ալիևը, անկաշկանդ, կատարել է ռուս-ադրբեջանական այդ դեկլարացիայի 17-րդ կետը խախտող հայտարարություններ։

Մինչդեռ Ալիևի այս վարքագծին Մոսկվայի արձագանքը սպասվածից ավելի մեղմ էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդամենը նշել էր, որ թեև Մոսկվան համաձայն չէ այդ դիրքորոշմանը, սակայն «դա առիթ չէ, որ ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Այստեղ մենք պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում»:

Հատկանշական է, որ այսպիսի պրագմատիզմ Երևանի նկատմամբ Ռուսաստանը պատրաստ չէ ցուցաբերել: Երբ այս տարվա մայիսի վերջին Հայաստանում անցկացված Եվրոպական ֆորումի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես եկավ հակառուսական հայտարարություններով, Մոսկվան դա դարձրեց հակահայկական հիստերիայի թեմա՝ զուտ այն պատճառով, որ Զելենսկին հարթակ էր ստացել Երևանում: Այսինքն Ադրբեջանը կարող է Ռուսաստանի գործողություններն ուղիղ որակել օկուպացիա, իսկ երբ Զելենսկին միջազգային ֆորումի շրջանակում Երևանում ընդամենը հարթակ է ստանում, դա աններելի դավաճանություն է։

Կարելի է, իհարկե, մանրամասնել, թե ինչու է հայկական կողմի նկատմամբ Մոսկվայի պրագմատիզմն այսքան ունիկալ։ Սակայն դրանք, մեծ հաշվով հանգում են երկու խորքային պատճառի։ Առաջին՝ Հայաստանը Մոսկվայի ոսպնյակով ոչ թե պետություն է, այլ այսպես կոչված պրոտեկտորատ, որի կողմից ինքնուրույնության ցանկացած դրսևորում հավասարազոր է անջատողականության։ Երկրորդ՝ Ռուսաստանը վաղուց համակերպվել է որպես ազդեցության գոտի, Ադրբեջանին կորցրած լինելու իրողության հետ և կանգնած է նաև Հայաստանը կորցնելու հեռանկարի առջև։ Ավելորդ կոշտության ցուցաբերումը, Երևանի նկատմամբ պատժողական քաղաքականությունը միտված է մեկ բանի․ որևէ կերպ թույլ չտալ Հարավային Կովկասում իր գոյության միակ պոտենցիալ հենման կետի՝ Հայաստանի կորուստը։ Եվ այս խնդիրը լուծելու համար Մոսկվան փորձում է վերակենդանացնել այսպես կոչված «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա + Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) ֆորմատը։

«3+3» ձևաչափը. TRIPP-ի էության ձևախեղում և սուբյեկտայնության կորուստ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշում է, թե այս ձևաչափը կոչված է լուծելու տարածաշրջանի խնդիրները «առանց դրսից ապակառուցողական միջամտության»: Ուշագրավ է, որ Զախարովայի այս հայտարարությանը նախորդել էր Շուշիի մեդիաֆորումում Ալիևի այն հայտարարությունը, թե «3+3» ձևաչափը պետք է կենտրոնանա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վրա, այլ ընդհանուր տարածաշրջանային հիմնահարցերի, ինչին, ի դեմս Զախարովայի, Մոսկվան լիակատար համաձայնություն է տվել։ Սա ենթադրում է, որ Մոսկվան և Թուրքիան ձգտելու են նախևառաջ Վրաստանին ներգրավել այս ձևաչափ, ինչին Թբիլիսին դեռ դիմադրում է։ Միայն այդ դեպքում ձևաչափը կարող է տարածաշրջանային դառնալ։ Բայց խնդիրը միայն դա չէ։

«3+3» ձևաչափը որևէ ռացիոնալ քաղաքական արժեք կարող է ձեռք բերել այն ժամանակ, երբ իր վրա վերցնի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն, էներգետիկ նախագծերի իրականացումը կամ առնվազն վերահսկողությունը։ Եվ Ալիևի ակնարկն ու Զախարովայի համաձայնությունը նախևառաջ հենց դրա մասին են։ Եթե ավելի պարզ՝ ապա Ալիևը անուղղակի առաջարկում է այս ձևաչափը դարձնել գործիք՝ արտատարածաշրջանային խաղացողներին ու առաջին հերթին ԱՄՆ-ին ու ԵՄ-ին այստեղից հեռացնելու համար։ Սա ցույց է տալիս, որ TRIPP-ը Ադրբեջանին պետք էր զուտ այնքանով, որքանով ապահովում է Նախիջևանի հետ կապը։ Դա ստանալուց հետո արտատարածաշրջանային տերությունների ներկայությունը հակասում է Բաքվի շահերին, որովհետև նեղացնում է Հայաստանի վրա ճնշումների, նոր հակամարտության բորբոքման և դրանով Երևանից տարատեսակ զիջումներ կորզելու հնարավորությունը։

Ըստ էության՝ Ադրբեջանի համար գործում է հետևյալ բանաձևը․ «Մավրը (ԵՄ-ն, ԱՄՆ-ն) կատարեց իր գործը, մավրը պետք է հեռանա»։ Այսինքն «3+3» ձևաչափի ակտիվացումը Մոսկվայի և Բաքվի համար ճանապարհ է ձևախեղելու TRIPP-ի էությունը և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Երևանին զրկելու ինքնուրույն դերակատարումից և տրամաբանական է, որ այս մահացած ձևաչափի վերակենդանացման հարցը Բայրամովի այցի օրակարգային հարցերից պիտի լիներ։ Սա է նաև թույլ տալիս Մոսկվային, օրինակ, կուլ տալ Ալիևի հասցրած ուկրաինական ապտակը։

Որտե՞ղ է Հայաստանի կարմիր գիծը

Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքավորումը պահանջում է ծայրահեղ զգուշավորություն: Հայաստանը կարող է մասնակցել «3+3» ձևաչափի հետագա քննարկումներին՝ դիվանագիտական կապուղիները բաց պահելու համար, սակայն որևէ կերպ չպետք է ներքաշվի այնպիսի գործընթացներում, որոնք կարող են տարածաշրջանը վերադարձնել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու միջակայք: Կարծես թե ԱՄՆ-ում էլ են դա լավ հասկանում։ Գուցե պատահական համընկնում էր, բայց նաև խիստ խորհրդանշական էր, որ հենց այս օրերին Վաշինգտոնը նշանակում է կատարում Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամի ղեկավարի պաշտոնում։

Իսկ ՀՀ Կառավարության իրական, բովանդակային պատասխանը «3+3»-ին ավելի քան թափանցիկ էր, նա պարզապես վավերացման ուղարկեց TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրերը։

Գոռ Աբրահամյան

Radar.am